Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ՈՒսուցիչը» խորագրով միջոցառում: Թանգարան-ինստիտուտի տնօրեն ՆԻԿՈԼԱՅ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ բացման խոսքում ասաց, որ սկիզբ է դրվում մի ցուցահանդեսի, որը շատ պարտավորեցնող է և նշանակալից: Կոմիտասի 150-ամյակի հոբելյանն անցկացվում է UNESCO-ի բարձր հովանու ներքո: Միջոցառումը նախաձեռնել են Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը (ԳԱԹ): Կոստանդյանը շնորհակալություն հայտնեց ԳԱԹ-ի տնօրեն Կարո Վարդանյանին՝ համագործակցության, ազգային արխիվին` նյութեր տրամադրելու համար: Նշեց, որ գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությունը հետագայում շարունակություն կունենա ուսուցողական ծրագրերի տեսքով:
«Մշակութային տարվա ամփոփմանը դեռ երկու ամիս կա, բայց այսօր մենք կարող ենք խոստովանել, որ հիրավի պետական հանձնաժողովին հաջողվեց ողջ տարվա ընթացքում մեր առօրյան հագեցնել Կոմիտասով և հենց իրեն՝ Կոմիտասին, դա հաջողվեց, որովհետև այսպիսի ահռելի ժառանգություն է թողել և նվիրական անուն է մեզ համար,- ասաց ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:- Բոլոր մասնագիտացված կազմակերպությունները, երաժիշտները, երաժշտագետները, նաև նրանք, ովքեր առաջին անգամ են իրենց համար բացահայտում Կոմիտասին, պարտադիր ուզում են կոմիտասյան թեմաներով ինչ-որ բան անել: Դա կարող են վկայել մեր թանգարանի աշխատակիցները: Մարդիկ ուզում են ամեն ինչ անել. լինեն հոդված, մենագրություն, գիրք ու ալբոմ, ձայնասկավառակ, ցուցադրություններ և այլն»:
Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՅԱՆՆ ասաց, որ այստեղ Գևորգյան ճեմարանը կտեսնեք կոմիտասյան աչքերով, կլսեք Վահան Տեր-Առաքելյանի, Կոմիտասի, Մարգարիտ Բաբայանի ձայնը: Հատուկ բաժին կա` նվիրված մանուկներին, կոչվում է «Կոմիտասը և մանուկներ», այստեղ լուսային էֆեկտներով կարելի է տեսնել «թռչող» Կոմիտասին:
Օրվա միջոցառումը եզրափակվեց համերգով. հնչեցին Կոմիտասի անզուգական երգերը` «Ես սարեն կուգայի», «Լորիկ» , «Անտունի», «Մոկաց Միրզա»:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ